Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«Թե էդ տեղեկությունները որտեղի՜ց եք քաղում...»

«Թե էդ տեղեկությունները որտեղի՜ց եք քաղում...»
14.11.2008 | 00:00

«Իրավունք de facto» ԱԿՈՒՄԲՈՒՄ
Հանրապետության նախագահի կարգադրությամբ ձևավորված մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող փաստահավաք խումբ և նույն նպատակին կոչված ԱԺ ժամանակավոր հանձնաժողով, «յոթի գործ» և այլ ընթացիկ հարցեր. այս ձևաչափն էր ընտրել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան ԱՐՄԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ «Իրավունք de facto» ակումբում լրագրողների հետ երեկվա հանդիպման ժամանակ։
Հիշեցնելով, որ հայրենի ընդդիմությունը երկու հարցադրմամբ էր հանդես եկել, դրանք ուղղելով նաև իրեն (փաստահավաք խմբի ձևավորման սահմանադրականություն և միջազգային փորձագետին առնչվող որոշ դրույթներ), օմբուդսմենը շեշտեց, թե հանրապետության նախագահի կարգադրությունը սահմանադրական վերահսկողությունից դուրս է, և մարդու իրավունքների պաշտպանն էլ Սահմանադրական դատարան կարող է դիմել միայն նախագահի հրամանագրերը վիճարկելու հարցով, այն էլ, եթե դրանք սահմանափակում են մարդու հիմնարար իրավունքները։ Ինչ վերաբերում է փաստահավաք խմբում միջազգային փորձագետի կարգավիճակին, Արմեն Հարությունյանն ասաց, թե չի կարծում, որ վերջինս պետք է օգտվի նաև քվեարկելու իրավունքից, բայց կարող է մշտական դիտորդի կարգավիճակով մասնակցել խմբի աշխատանքներին։ «Ես այդ հարցով արդեն խոսել եմ ԵԽ մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համմարբերգի հետ, որը պատրաստակամություն է հայտնել ոչ միայն մշտական հիմունքներով աշխատող փորձագետ ապահովել, այլև, եթե դրա անհրաժեշտությունը լինի, լրացուցիչ փորձագետ տրամադրել»,- ասաց օմբուդսմենը, համոզմունք հայտնելով, թե մշտական հիմունքներով գործող միջազգային փորձագետի մասնակցությունը փաստահավաք խմբի աշխատանքներին միանշանակ օգտակար կարող է լինել։
Քանի որ փաստահավաք խումբն իր վերջնական եզրակացությունը տրամադրելու է մարտի 1-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին, մարդու իրավունքների պաշտպանը լրագրողներին տեղեկացրեց, որ անձամբ է մասնակցելու հանձնաժողովի աշխատանքներին և նույնն անելու կոչ արեց ընդդիմությանը։ Առավել ևս, որ հանձնաժողովում կան մարդիկ, ովքեր, ըստ նրա, հատկապես վերջին շրջանում բավականին «կոնստրուկտիվ դիրքորոշում են ցուցաբերում»։ «Ովքե՞ր, օրինակ»,- հարցրեց «Իրավունքը de facto»-ն։ «Օրինակ, Արծվիկ Մինասյանը, Գուրգեն Արսենյանը»,- մասնավորեց ակումբի հյուրը։
Անդրադառնալով, այսպես կոչված, «յոթի գործին», Արմեն Հարությունյանը տեղեկացրեց, որ մի քանի օր առաջ հանդիպել է մարտի 1-ից հետո կալանավորված յոթ գործիչների փաստաբաններին, ովքեր իրեն որոշ մանրամասներ են ներկայացրել նախաքննական նյութերից։ Նախաքննության գաղտնիությունը չխախտելու համար օմբուդսմենն ընդամենն ասաց, որ այդ նյութերում իրոք բավականին զավեշտալի մանրամասներ կան և կոչ արեց դատարաններին՝ «հնարավորինս զերծ մնալ տարբեր անհեթեթություններից»։
Աչքաթող չարվեց նաև տաքսու վարորդներին առնչվող հարցը, որոնք վերջին օրերին բավականաչափ ակտիվ էին իրենց իրավունքները պաշտպանելու գործում։ «Սա մեկ անգամ ևս ապացուցեց, որ քաղաքացիները պետք է ակտիվ քաղաքացիական դիրքորոշում ունենան»,- ընդգծեց բանախոսը, շեշտադրելով, թե մարդու իրավունքների առաջին և ամենալավ պաշտպանները հենց մենք ենք, որ կանք։
Ինչ վերաբերում է մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի գործունեությանը, կառույցի ղեկավարն իրազեկեց, որ իրենք արդեն աշխատում են 2008-ի հաշվետվության վրա, սակայն արդեն իսկ կարող են ասել, որ 2 տոկոսով աճել է ստացվող դիմումների և մոտ 20 տոկոսով՝ դրական լուծում ստացած գործերի թիվը։ Այս պահին զբաղված են հատուկ զեկույցների պատրաստմամբ՝ երեխաների իրավունքներին, ազգային փոքրամասնություններին, խոսքի ազատությանը, սեփականության իրավունքին և արդար դատաքննության իրավունքին առնչվող հարցերով։ «Այս հատուկ զեկույցները դառնալու են մեր գործունեության հիմնական մեխանիզմը, որովհետև փորձը ցույց տվեց, որ դրանք առիթ են դառնում տարբեր լսումների, քաղաքացիական հասարակության ակտիվացման, և պետական մարմիններն էլ, գոնե, փորձում են բարձրացված հարցերին արձագանքել»,- իր նախնական խոսքը եզրափակեց Արմեն Հարությունյանն ու անցավ լրագրողների հարցերին։
«Լևոն Տեր-Պետրոսյանին համակրող թերթերից մեկը «սևացրել» էր փաստահավաք խմբում ընդգրկված կոալիցիայի ներկայացուցչին, Սերժ Սարգսյանին համակրող թերթերից մեկն էլ իր հերթին ընդդիմության ներկայացուցչի «վրայով էր անցել»։ Այս պայմաններում փաստահավաք խումբը կարո՞ղ է աշխատել»,- հետաքրքրվեց «Հրապարակ» օրաթերթի լրագրողը։
«Կարծում եմ՝ եթե այդ նույն պայմաններում մենք աշխատում ենք, խումբն էլ կարող է աշխատել, բայց ճիշտ կլիներ, իհարկե, որ մամուլը զերծ մնար փաստահավաք խմբի անդամներին առնչվող հրապարակումներից։ Հասարակությունն այսօր լուրջ կարիք ունի կոնսոլիդացիայի, ինչը հնարավոր չի լինի ապահովել, եթե մենք իրոք մարտի 1-ի սինդրոմը չհաղթահարենք»,- եղավ պատասխանը։
«Փաստահավաք խումբն ավելի «գաղտնապահ» է լինելու, քան նախաքննության մարմինը։ Մտավախություն չունե՞ք, որ փակ ռեժիմով աշխատելու արդյունքում խմբի հայթայթած փաստերի մի մասն այդպես էլ հասարակության սեփականությունը կարող է չդառնալ»,- հարցրեց «Ազատություն» ռադիոկայանը։
«Այսօր չի դառնա, վաղը կդառնա,- լրագրողուհուն հուսադրեց օմբուդսմենը։- Այստեղ խնդիր չեմ տեսնում։ Կարևորն այն է, որ փաստահավաք խումբը կարողանա պրոֆեսիոնալ մակարդակով գործել։ Գիտեք, որ այստեղ հիմնականը պարիտետային սկզբունքն է, կոնսենսուսային եղանակով խումբն իր ղեկավարին է ընտրել, այնպես որ եկեք վստահենք, որ իրենք կկարողանան գործընթացն այնպես տանել, որ հետագայում, երբ վերջնական զեկույցը ներկայացվի, որևէ մեկը թերահավատ չլինի դրա անաչառության հարցում»։
«Փաստահավաք խմբի ղեկավար է ընտրվել Ձեր կողմից առաջադրված Վահե Ստեփանյանը, ով հայտնի է որպես պրոֆեսիոնալ իրավաբան։ Տեղեկություններ կան, սակայն, որ նրա որդին դատախազության համակարգի աշխատակից է, ուստի հնարավոր է՝ դատախազությունը փորձի որդու միջոցով ազդել Վահե Ստեփանյանի վրա»,-
այսպիսի դիտարկում արեց «Առավոտի» ֆոտոլրագրողը։
«Վահե Ստեփանյանն ունի մեկ տղա, և նա ֆրանսիական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող է։ Թե էդ տեղեկությունները որտեղից եք քաղում...»,- իր տարակուսանքը չթաքցրեց մարդու իրավունքների պաշտպանը։
Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 3960

Մեկնաբանություններ